Նվարդը Շուշիի մասին անցյալով չի խոսում, նրա համար քաղաքը ներկա է, նրա ապրումները այսօրվա են։ Պատմում է, թե ինչքան խաղաղ ու հանգիստ էր քաղաքը։ Պատմում է, որ երեխաները կարող էին մինչև կեսգիշեր խաղալ բակերում, ու ոչ մի անհանգստություն չէր լինի։
2017-ին, երբ Շուշի էինք այցելել լրագրողներով, երեխաների պես մենք էլ շատ ուշ դուրս էինք եկել ամառային գիշերվա զովությունը վայելելու։ Կեսգիշերին մոտ էր, ժինգյալով հաց էինք փնտրում։ Գտանք։ Բայց շատ էինք ու պիտի սպասեինք, մինչև թխվեր։ Նարդի էինք խաղում ու փորձում կրկնել արցախյան բարբառի ելևէջները։
Հետո մտանք խանութ, որի վաճառողուհին մեզ ուղղակի չթողեց հեռանալ առանց հյուրասիրության։ Խանութը փակեց, մեզ էլ տարավ իր տուն, հյուրասիրեց, երկար խոսեցինք ամեն ինչից։
Նվարդը գուցե նաև մեզ նկատի ունի, երբ ասում է, որ վերջին տարիներին Շուշիի կյանքն աշխուժացել էր, մարդիկ ավելի շատ էին այցելում քաղաք։ Գործում էին մշակութային հաստատություններ, հինգ թանգարան և այլն։
«Շուշիում ես հաճախել եմ «Վարանդա» երգչախումբը, որի հիմնադիրն է լիբանանահայ Զաքար Քեշիշյանը։ Երգչախումբը երեք տարիքային խմբեր ունի, ես այդ երեք խմբերում էլ երգել եմ։ Իմ կիթառի ուսոցչուհին էլ Շուշիում բացել էր հեղինակային երգի ակումբ, մեր հայ բարդերի երգերն էինք սովորում այնտեղ, կիթառ նվագել», - հիշում է Նվարդը։