Անուշ Զաքարյան
Եկեղեցի-ապաստարանի մեծ ընտանիքը, անօդաչու «բում-բումը», կորուստ, տեղահանություն, վերադարձի սպասում
(English version here)
Երբ Արցախում սկսվում է 2020 թվականի պատերազմը, Շուշիի Ղազանչեցոց 72 հասցեի բնակիչներն առավել, քան իրենց բնակարանները, ապահով են համարում Ղազանչեցոց եկեղեցին։ Եկեղեցու դիմաց գտնվող շենքի բնակիչները հենց այնտեղ են ապաստանում, օրեր անցկացնում՝ իրենց կարծիքով՝ պատերազմի մոտալուտ ավարտին սպասելով։

Շենքի բնակիչներից Անուշ Զաքարյանը պատմում է, որ եկեղեցին դարձել էր տուն․ նվագում էին երգեհոնը, երգում եկեղեցական երաժշտություն ու աղոթում՝ պատերազմ գնացած զավակների ողջ առողջ վերադարձի համար։
ԱՐԱՐ 1
Եկեղեցի-ապաստարան
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին պատերազմի օրերին որպես ապաստարան էր ծառայում մոտակա բնակելի շենքերի բնակիչներին։ Այդ մասին իր նկարած տեսանյութում նշում է նաև Անուշ Զաքարյանը։ Երևում է, որ ապաստարանում տասնյակ մարդիկ կան։ Նրանց մի մասն էլ եկեղեցու բակում է։

Հենց բակում հավաքված բնակիչներին տեսանյութի երկրորդ մասում Արցախի ԱԻՆ ներկայացուցիչը հորդորում է մտնել եկեղեցու ներս՝ վտանգից խուսափելու համար։

«Ժողովուրդ, ավելի լավ ա կամ նի մտնիք ներսը, կամ դրսումը մարդ չինի։ Հասկանում եմ՝ տիժեր ա, բայց դե հի՞նչ անինք», - լսվում է ԱԻՆ ներկայացուցչի խոսքը։
Տեսանյութի սկզբում լսվում է Անուշ Զաքարյանի ձայնը
Անուշ Զաքարյանը պատմում է, որ այդ օրերին եկեղեցուց դուրս գալիս, տուն գնում էին՝ միայն հաց պատրաստելու և վերադառնալու համար։ Ու չնայած պատերազմին՝ բնակիչների հետ էին նաև երեխաները, որոնք ծանոթացել ու մանկական համայնք էին կազմել եկեղեցում։

Անուշ Զաքարյանի զարմուհին, փոքրիկ Մանեն, որ ներկա է զրույցին, լսում է, ժպտում ու քիչ անց սկսում է ասել Շուշիի մասին իր իմացածը։
«Հոգիս թողած Արցախում՝
Սրտիս կեսն է բաբախում։
Մահը փառք է իմ դեպքում,
Իմ Շուշին եմ հետ ուզում»։
Երեխայից այս խոսքերը լսելը դժվար է, տխրեցնող։ Մորաքույրը՝ Անուշ Զաքարյանը, պատմում է, որ երեխաներն էլ բավական երկար ժամանակ իրենց հետ մնացել են Շուշիում ու իրենց աչքով են տեսել պատերազմը։

«Մի հիշարժան դրվագ եղավ․ արդեն մուտքով իջնում էինք, դուրս էինք գալիս։ Անօդաչուն մեր գլխի վերևում էր։ Սպասում էինք, որ մերոնք հեսա կխփեն այդ անօդաչուն։ Փոքրիկ Մանեն էլ մեզ հետ էր։ Ասում է՝ նայի, նայի, «բում-բումը» եկել է .... ու մինչև հիմա «բում-բում» է ասում։

Ու հենց մեր գլխավերևում մերոնք խփեցին այդ անօդաչուն, և շատ բարձր ձայն էր։ Եվ Մանեն էսպես վախեցել էր։ Մենք էլ ասում էին՝ սալյուտնե՜ր են, սալյուտնե՜ր են, նոր տարի է։ Ասում է՝ հա՞, ծնո՞ւնդս է։ Ասում եմ՝ այո, Մանե, քո ծնունդն է։ Մինչև այսօր ասում է՝ բա ինչո՞ւ իմ ծննդյան օրը «բում-բում» չենք անում», - պատմում է Անուշ Զաքարյանը։

Մանեն նորից լսում է, ժպտում։ Մորաքույրը շարունակում է պատմել, որ ամեն անգամ, երբ Արցախ է մեկնում, Մանեն իրեն կարգադրում է մտնել տուն, ավտոտնակ ու բերել իր այս խաղալիքը, այն շորը և այլն։
արար 2
Պատերազմում՝ օգնող ձեռք
Անուշ Զաքարյանը մասնագիտությամբ դաշնակահարուհի է։ Մինչ պատերազմը մասնագիտությամբ աշխատում էր Շուշիի արվեստի դպրոցում, և բացի դրանից, ազգային երգ ու պար էր դասավանդում Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում։

Պատերազմի ժամանակ այդ ամենը դադարեցվում է։ Խաղաղ ժամանակի ուսուցչուհին սկսում է զբաղվել Ստեփանակերտ հասնող օգնության բաշխմամբ, կարիքավորներին օգնելու հարցերով։

«Գնում էինք Ստեփանակերտ՝ ծերանոց, մանկատուն։ Ապաստարաններում շատ կային երեխաներ, հղիներ։ Այցելում էինք նրանց, ինչով կարողանում էինք, օգտակար էինք լինում։ Այդ ժամանակահատվածը ամբողջ հայությունը մի բռունցք էր դարձել ․․․ և չէինք պատկերացնում, որ Շուշին կարող է մի օր մեր ձեռքի տակից պլստալ, գնալ», - պատմում է Անուշ Զաքարյանը։

Պատմում է, որ նույն օրը երկու եղբայրներին է կորցրել Ստեփանակերտում։ Քաղաքը թիրախավորող հարվածներն այնքան ինտենսիվ էին, որ զոհվածներին հրաժեշտ տալու համար 20 րոպե են ունեցել: Արագ հուղարկավորել են եղբայրներին ու հեռացել։

Ու դեռ պետք էր հասնել Շուշի։ Ու թեև բերդաքաղաքում ավելի հանգիստ էր, բայց այնտեղ հասնելու ճանապարհն անընդհատ ռմբակոծվում էր ադրբեջանցիների կողմից։
Շուշիում իրավիճակը լարվեց, երբ ադրբեջանցիները թիրախավորված հարվածեցին Ղազանչեցոց սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն։ Երկու անգամ։ Ճշգրիտ զինատեսակներով։ Թիրախավորված։

«Հասկացանք, որ թշնամու համար արդեն սրբություններ գոյություն չունեն։ Նրանք էլ երևի ինֆորմացված էին, որ խաղաղ բնակչությունն ապաստանում է հենց եկեղեցում։ Հենց առաջին հարվածները եղան եկեղեցուն, իմացանք, որ ամեն ինչ շատ լուրջ է», - պատմում է Անուշ Զաքարյանը։
Անուշ Զաքարյանի հայրը՝ Վովա Զաքարյանը, իրենց վնասված շենքի դիմաց
Այդ ընթացքում հարվածներ էին եղել նաև եկեղեցու հարևան բնակելի շենքին, որտեղ բնակվում էր Զաքարյանների ընտանիքը։ Արցախյան ազատամարտի մասնակից հոր համար ավելորդ անհանգստության առիթ չլինելու համար Անուշը Շուշիից դուրս է գալիս հոկտեմբերի 27-ին։

Դուրս է գալիս առանց պատրաստվելու, հանկարծակի։ Ասում է՝ հարազատներին կորցնելուց հետո երկրորդական ու անկարևոր է դառնում հարցը՝ ինչ վերցնել դուրս գալիս։ Հիմա, հետ նայելով, ասում է, որ կարելի էր վերցնել հիշողություններ։ Հիմա դրանք մնացել են միայն մտքերում։
Անուշը, պատմում է, որ մինչև հիմա էլ չի համակերպվում, որ Շուշիում չի ապրում։ Գիշերներն արթնանալիս չի հասկանում որտեղ է, ինչու իր տանը չէ։
Անուշ Զաքարյանը և ընտանիքը հիմա բնակվում են Երևանում, բայց Անուշը շարունակում է Արցախի հետ կապը․ այնտեղ շարունակում է աշխատանքը արվեստի դպրոցում, և շարունակում է դասավանդել ազգային երգ ու պար։
արար 3
Շուշիի ադրբեջանականացումը
Իրականում փոքրիկ Մանեի պատկերացրած տունը, ավտոտնակը այլևս չկան։ Պատերազմից հետո ադրբեջանցիները Շուշիում (և այլ տեղերում) սկսել են ոչնչացնել ամեն հայկականը՝ եկեղեցիներ, պատմա-մշակութային կառույցներ, նույնիսկ բնակելի շենքեր։

Ժամանակագրական տեսանկյունից այս ցուցակում առաջիններից է եղել Ղազանչեցոց 72 հասցեում գտնվող շենքը՝ մեր հերոսների բնակարաններով։
Պատմության հերոսների Շուշիի շենքը, ինչպես ցույց են տալիս արբանյակային լուսանկարները, պատերազմից հետո ադրբեջանցիները ոչնչացրել են առաջին հերթին։

Վերին փոքր ուղղանկյունում հենց Ղազանչեցոց 72 հասցեում գտնվող շենքն է։ Դրա հարևանությամբ երևում է նաև Ղազանչեցոց եկեղեցին, որի գմբեթը վնասված է, բայց դեռ կա։

Ավելի ձախ՝ երևում են 4 բազմաբնակարան շենքեր, որոնք Պռոշյան 1, 3, 5, 7 հասցեների բնակելի շենքերն են։ 2021 թվականի փետրվարի այս արբանյակային լուսանկարում դրանք դեռ երևում են։
Արդեն 2021 թվականի օգոստոսին արված արբանյակային լուսանկարում երևում է, որ Ղազանչեցոց 72 հասցեում գտնվող շենքն ադրբեջանցիները հավասարեցրել են հողին։

Ղազանչեցոց եկեղեցու գմբեթն էլ հանել են, իբր նորոգում են եկեղեցին։ Իսկ իրականում փորձում են «ալբանացնել» այն։

Ներքև ու ձախ՝ երևում է նաև Պռոշյան փողոցի 4 բնակելի շենքերի հիմնահատակ քանդումը։ Դրանցից մեկի տեղում արդեն երևում է նոր շինության հիմք՝ ութանկյուն տեսքով։

Google Earth համակարգն արբանյակային լուսանկարները հրապարակում է մի քանի ամիսը մեկ։ Այդպիսով դրանք չեն կարող հստակ նշել՝ երբ և ինչ է տեղի ունենում։

Փոխարենը եվրոպական Copernicus Sentinel արբանյակների լուսանկարներից պարզ է դառնում, որ Շուշիի Պռոշյան փողոցի շենքերի քանդումն ադրբեջանցիները իրականացրել են հիմնականում 2021 թվականի ապրիլին։
Սոցցանցերում ադրբեջանցիների հրապարակած տեսանյութերը ցուցադրում են նաև այս շենքերի քանդման գործընթացը։

Ավելին, հրապարակված այլ տեսանյութերի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ հենց այդ վայրում ադրբեջանցիները նախատեսում են մզկիթ կառուցել, որի ութանկյուն հիմքն էլ արդեն դրվել է քանդված շենքերից մեկի տեղում։
Բաց աղբյուների ուսումնասիրությունը թույլ է տվել
շինարարության հրապարակի մուտքի մոտ փակցված գրառման միջոցով ստուգել և հաստատել, որ քանդված շենքերի տեղում կառուցվողն իրոք մզկիթ է՝ «Շուշիի նոր մզկիթ» անվանումով։

Իսկ վերը նշված Copernicus Sentinel արբանյակների լուսանկարները մանրամասն ցուցադրում են նաև Ղազանչեցոց 72 հասցեում գտնվող շենքի քանդումը։

2021-ի ապրիլի 8-ին շենքն ամբողջական է (թեև վնասվել էր դեռ պատերազմի ժամանակ՝ ադրբեջանցիների հարվածների հետևանքով)։

Արդեն 2021-ի ապրիլի 18-ին երևում է, որ ադրբեջանցիներն արդեն քանդել են շենքի հարավ-արևմտյան հատվածը։

Դրանից 15 օր անց՝ մայիսի 3-ի իրավիճակը ներկայացնող պատկերում երևում է, որ շենքն այլևս չկա։ Ամենավերջում քանդվում է շենքի հյուսիս-արևելյան հատվածը, որտեղ բնակվել են պատմության հերոսները։
Շուշիի շրջանային վարչակազմի տվյալներով՝ մինչ պատերազմը Շուշի քաղաքում մշտապես բնակվել է 5300 մարդ։ Իսկ Շուշիի շրջանում մշտական բնակչությունը եղել է 6500 բնակիչ։

Արցախի ՏԿԵ տվյալներով՝ Շուշիի ընդհանուր 1141 բնակիչ է տեղափոխվել Հայաստանի մարզեր ու Երևան։ ՀՀ ՏԿԵՆ տվյալներով՝ նրանցից 220-ը բնակություն է հաստատել մարզերում։

Եվս մոտ 173 բնակիչ Հայաստան է տեղափոխվել Շուշիի շրջանի մյուս բնակավայրերից։

Շուշեցիների տեղափոխությունը պատերազմից հետո
Որքան մեծ է կետը, այնքան շատ են այդ բնակավայրում ապրող շուշեցիները
Շուշեցիների մեծ մասը պատերազմից հետո վերադարձել է Արցախ, բնակություն է հաստատել հայկական վերահսկողության տակ մնացած բնակավայրերում, հատկապես Ստեփանակերտում։

Շուշիի շրջանային վարչակազմի տվյալներով՝ այնտեղ ապրում է 3896 շուշեցի։ Շուշիի ևս 262 նախկին բնակիչ հիմա բնակվում է Արցախի մնացած տարածքում՝ քաղաքներում և գյուղերում։

Քարտեզի ինտերակտիվ տարբերակը կարող եք տեսնել այստեղ։


Բնակավայրեր, ուր տեղափոխվել են շուշեցիները
Թվերը ցույց են տալիս տվյալ բնակավայր տեղափոխվածների թվաքանակը
Երևան տեղափոխված շուշեցիների մասին տվյալները բացակայում են։

Հայաստանի մարզերից ամենաշատ շուշեցիների ընդունել է Արարատը՝ 120 մարդ։ Կան մարզեր, սակայն, որտեղ շուշեցիներ չեն տեղափոխվել։

Հայտնի է սակայն, որ պատերազմից հետո Երևան է տեղափոխվել Արցախի ավելի քան 35 հազար բնակիչ։

Արցախի շրջաններից ամենաշատ շուշեցիներ ընդունել է Ասկերանը՝ ավելի քան 140 մարդ, իսկ բնակավայրերից՝ Մարտակերտն ու Նորագյուղը՝ 27-ական մարդու։

Գրաֆիկի ինտերակտիվ տարբերակը կարող եք տեսնել այստեղ։

Շուշիի ջնջված հասցեն
2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը փաստացի դադարեց Շուշիի անկմամբ։ Անմիջապես Ղազանչեցոց եկեղեցու դիմաց՝ Ղազանչեցոց 72 հասցեում, գտնվող շենքի նախկին բնակիչները այս պատումների միջոցով ներկայացնում են իրենց ճանաչած Շուշին։

Նախագծի մյուս պատմությունները՝
  • Շուշիի տունը, եկեղեցու երեխաները, մեքենաներ հաշվելու խաղը, պատերազմն ու վերադարձը Արցախ
  • Ծառայություն Ղազանչեցոցում, ծառայություն պատերազմում և առաջնագծում, ծառայություն Ստեփանակերտի մայր տաճարում
  • Անցնել Շուշիի կողքով և չմտնել տուն, վերադարձի ցանկություն և անկարողություն
Նախագծի հեղինակներն են Գարիկ Հարությունյանը, Նարեկ Մարտիրոսյանը և Հայկ Խաչիկյանը։

Նախագիծը պատրաստվել է «HEKS/EPER» և «Brot für die Welt» բարեգործական հիմնադրամների աջակցությամբ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից իրականացվող «Հակամարտությունների լուսաբանում․ լրագրողների գիտելիքների և հմտությունների ամրապնդում» ծրագրի շրջանակում: Նախագծում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չարտացոլել HEKS/EPER-ի, «Brot für die Welt»-ի և ՄՆԿ-ի տեսակետները։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website